Տելեգրամի «վիրուսի» մասին

telegram "virus"

Վստահ եմ Տելեգրամ օգտագործողները բոլորն էլ արդեն հասցել են ծանոթանալ այս «վիրուսի» հետ. եթե իրենք չեն «վարակվել», ապա հաստատ իրենց շրջապատից ստացել են վտանգավոր հղումն ու «քվեարկության հղումը»։
Ամեն դեպքում եկեք մի քիչ մանրամասն բացատրեմ, թե

Ինչի՞ մասին է խոսքը

Սկսենք նրանից, որ ոչ մի վիրուս էլ չկա։ Պարզապես ձեր անուշադրության շնորհիվ նենգորդները (hacker-ի հայերեն անվանումն է) ձեր տելեգրամը ղեկավարելու հնարավորություն են ստանում։ Դրա համար նրանց պետք է ձեր հեռախոսի համարն ու մուտքի կոդը, որը ստանում են մուտքի պահին ձեր արդեն իսկ գործող տելեգրամում։

Երբ դուք ստանում եք այս նկարն ու տակից «քվեարկել» կոճակը, բացվում է մի կայք, որը ձեզ խնդրում է մուտքագրել հենց այդ, շատ կարևոր ինֆորմացիան՝ ձեր հեռախոսի համարը։

Որոշ դեպքերում էլ այս բովանդակության նամակ է գնում։ Բայց իմաստը նույնն է։

Համարը ճիշտ գրելու դեպքում նույն պահին ձեր Տելեգրամին գալիս է մուտքի համար (տելեգրամ մուտքի, ոչ թե կայք :D) կոդը, իսկ կայքն էլ նույն պահին ձեզ խնդրում է մուտքագրել այդ կոդը ։)

Ի դեպ, Տելեգրամում կոդն ուղեկցվում է մանրամասն տեքստով, որում համ գրված է, որ այդ կոդը ոչ մեկի չի կարելի տալ, համ էլ բացատրված ա, որ այս կոդը ՄԻԱՅՆ տելեգրամ մուտք գործելու համար է ։)

Ինչպես նկատեցիք, այս ողջ պրոցեսում չկա ոչ մի կողմնակի ծրագիր, որը ինսթալ կլինի ձեր համակարգչում, կամ հեռախոսում։ Սա վիրուս չի, այլ դասական ֆիշինգ է։ Այսինքն կեղծ կայքի միջոցով ձեզ ստիպեցին, որ ձեր ձեռքով իրենց առջև դուռը բացեք ։)

Ի՞նչ անել

Սկսեմ նրանից, թե ինչ պետք չի անել։ Պետք չի հեռախոսից ու համակարգչից ծրագիրը ջնջել։ Հուսով եմ նախորդ բաժնից արդեն հասկանալի էր, որ ծրագրին ոչինչ չի եղել։

Ժամանակակից բոլոր մեսենջերները ցույց են տալիս, թե ինչ սարքերից եք դուք ձեր հաշվին կպած։

Տելեգրամի դեպքում դրա համար մտնում եք Settings > Privacy and Security > Active sessions

Այս ցուցակում ցույց է տրվելու նաև նենգորդների սարքը, որից նրանք կպել են ձեր տելեգրամին։ Կողքի X-ով պարզապես անջատեք նրանց ակտիվ սեսիան։

Կան դեպքեր, երբ ինչ որ պատճառներով X-ով չի լինում անջատել։ Այդ դեպքում պարզապես սեղմեք Terminate all other sessions տողը, ինչը նշանակում է, որ բացի տվյալ պահին ձեր ձեռքի տակ եղած սարքից, մնացած բոլոր սարքերը կանջատի տելեգրամից։

Այ այստեղ արդեն կարող եմ բացատրել, թե ինչու չի կարելի ա ջնջել ծրագիրը։ Երբ ջնջում, ու նորից եք դնում, ստիպված եք նորից մուտք գործել։ Բայց քանի որ հենց նոր եք մտել, էդ սարքը տելեգրամի համար դեռ վստահելի չի։ Ու Տելեգրամն այդպիսի սարքերից թույլ չի տալիս ջնջել մնացած սեսիաները։ Եթե հանկարծ այդպես անեք, հնարավոր է էլ չկարողանաք նենգորդներին դուրս գցել։ Էս դեպքում մնում ա միայն նամակ գրել Տելեգրամի տեխ. սպասարկմանը ու սպասել։

Ի՞նչպես կանխել

Բոլոր նման համակարգերում (էլ, փոստ, սոց. ցանցեր, մեսենջերներ) լավագույն պաշտպանության տարբերակը եղել ու մնում է երկքայլ մուտքի կարգավորումը (2FA).

Տելեգրամում դա նույն Privacy and Security բաժնում է։

Ակտիվացնելուց հետո ծրագիրը ձեզ կառաջարկի նորմալ գաղտնաբառ դնել ձեր հաշվին։

Այսուհետ եթե նույնիսկ մարդիկ ստանան մուտքի կոդը (ենթադրենք հեռախոսի համար եք փոխել, ու մոռացել եք դա Տելեգրամում նշել, նոր տերերն էլ էդ համարին SMS են ուզել, ու մտել են)։ Հենց փորձեն մուտք գործել, տելեգրամը նրանցից կպահանջի նաև հենց նոր ձեր դրած գաղտնաբառը։ Ու առանց դրա երբեք ոչ ոք չի կարող մտնել ձեր տելեգրամ։

Բայց նաև հիշեք, որ Տելեգրամը կապվում է հեռախոսի համարին, ու եթե իսկապես համարը փոխել եք, բայց տելեգրամում համարի փոփոխություն չեք արել, համարի նոր տերերը չեն կարողանա ՁԵՐ տելեգրամ մտնել, ու կարդալ նամակագրությունը, բայց կարող են լրացուցիչ SMS-ով հաստատել, որ այդ համարն արդեն իրենցն է, ու ջնջելով ամբողջ նամակագրությունը, նրանք կունենան լրիվ նոր, մաքուր Տելեգրամ հաշիվ։

Դրա համար միշտ համարը փոխելիս բոլոր մեսենջերներում ամրագրեք էդ փոփոխությունը։

Լրացուցիչ հարցերի համար գրեք՝ @Gaboyan

0 Shares:
Թողնել պատասխան
Ձեզ նաև դուր կգա