ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ միասին մի նախագիծ են տվել ՆԳՆ-ին, նա էլ ներկայացրեց կառավարության քննարկմանը, որում առաջարկվում ա ՃԵԿ խախտումների համար ամեն տարի հատկացվող 9 միավորի փոխարեն տալ 13 միավոր, միաժամանակ մի քանի խախտումների համար «խստացնելով» պատիժը։
Փորձեմ շատ մանրամասն բացատրել, թե ինչու եմ խիստ դեմ էս նախագծին, ու ինչու իրականում ոչ մի խստացման մասին խոսք չկա։
Ուրեմն որպես նախագծի հիմնավորում օրինակ են բերում այլ երկրներում վարորդներին տրամադրվող միավորները։
Միջազգային փորձի ուսումնասիրություն
Ֆրանսիա՝ վարորդներին տրամադրվում է ընդհանուր 12 միավոր։
Իսպանիա՝ մինչև 3 տարի վարման փորձ ունեցող վարորդներին տրվում է 8 միավոր,
3 տարուց ավելի վարորդական ստաժ ունեցողներին՝ 12 միավոր։
Գերմանիա՝ 8 միավոր (2014 թվականին այս համարկը փոխարինել է նախկին 18 բալանոց համակարգը)։
Իտալիա՝ վարորդներն ունեն 20 միավոր։
Լեհաստան՝ մինչև 2 տարի վարորդական փորձ ունեցողներ՝ 21 միավոր, փորձառու վարորդներ՝ 24։
Էս թվերով ուզում են ցույց տան, իբր բոլոր երկրներում էլ շատ են վարորդներին տրվող բալերը։
Մի թեթև պատմեմ թե ոնց ա աշխատում բալային համակարգը Գերմանիայում (ամենաքիչ միավորներ տվողը) ու Լեհաստանում (ամենաշատ միավորներովը)։
Գերմանիա
Գերմանիայում էդ միավորները հենց տուգանային միավորներն են, ու ամեն խախտման համար վարորդը դրանք ստանում ա։ 8 տուգանային միավոր հավաքելու դեպքում վարորդը զրկվում ա ՎԻ-ից (վարորդական իրավունքից) ու միայն որոշ ժամանակ անց իրավունք ունի երկար ընթացակարգերով ստանալ նոր ՎԻ։
Խախտումները, կախված դրանց վտանգավորության աստիճանից կարող են լինել 0, 1, 2 և 3 միավորանոց։ Եթե մարդն արել ա 3 միավորանոց խախտում, միանգամից զրկվում ա ՎԻ-ից։ Էս կարգի խախտումների օրինակ են՝ վթարի հետևանքով օգնության կարիք ունեցողներին օգնություն չցուցաբերելը, 1.1 պրոմիլեից ավել խմած լինելը (մեր մոտ սա 0.5-ից բարձրի դեպքում ա), խմած քշելիս նյութական վնաս պատճառելը, փողոցներում իրար հետ մրցելը և այլն։
Եթե մարդը շատ ա տուգանային միավոր հավաքել, կարող ա հատուկ դասընթացի մասնակցել, ու 1 միավոր պակասեցնել, բայց 2 պայմանով՝ էդ պահին պտի ունենա 5 միավորից պակաս, ու դա կարող ա անել 5 տարին մեկ անգամ։
Հիմա ամենակարևոր մասը, իսկ ո՞նց էն էդ բալերը զրոյանում։ Ժամանակի ընթացքում։ 1 միավորանոց խախտումները ջրվում են 2.5 տարում, 2 միավորանոցները՝ 5 տարում, իսկ 3 միավորանոցները՝ 10 տարում։
Էլի օրինակով բացատրեմ։ Մարդը միանգամից 3 միավորանոց խախտում ա արել։ Միանգամից զրկվել ա ՎԻ-ից, պայմանական 2 տարուց հետո դիմել ա նոր ՎԻ-ի համար, անցել ա «տխմարի տեստը» (Idiotentest), ևս մի տարի հետո ստացել ա նոր ՎԻ-ն, բայց իրա 3 տուգանային միավորները դեռ ուժի մեջ են։
Հիշեցնեմ, որ մեր մոտ ամեն տարի մարդիկ, ստանում են 9 միավոր։ Նույնիսկ էն վարորդները, որոնք համառորեն ապացուցել են, որ տխմար են, ու իրանցից վարորդ դուրս չի գա։
Մի քանի օրինակ բերեմ, թե ինչի համար մարդիկ կարող են ստանալ 1 տուգանային միավոր, որն ուժի մեջ ա 2.5 տարի։
Արգելված տեղում շրջադարձ կամ հետադարձ, վարելիս հեռախոսից օգտվել, կայանման արգելքի խախտում և այլն։
Լեհաստան
Լեհաստանում էլի Գերմանիայի նման խախտումների համար տրվում են տուգանային միավորներ, որոնց լիմիտը սկսնած վարորդների համար 20 ա, իսկ ավելի փորձառու վարորդների համար՝ 24։
Միավորների ավելի մեծ թիվը նշանակում ա, որ խախտումների համար էլ վարորդները ստանում են ավելի մեջ թվով միավորներ։ Օրինակ հետևյալ խախտումների համար միանգամից 15 տուգանային միավոր ա նախատեսված։
Հետիոտնային անցումների վրա վազանց, հետիոտներին զիջելու համար կանգնած մեքենայի վազանց, անցումով անցնող հետիոտնին չզիջելը և այլ։
8 միավոր տրվում է օրինակ հետիոտնային անցումի վրա, դրանից 10 մետր առաջ կամ հետո կայանելու համար։ Այսինքն 3 անգամ նման խախտումը հերիք ա, որ վարորդը զրկվի ՎԻ-ից, իսկ մեր մոտ անցման վրա կայանման համար հանվում ա 1 միավոր, իսկ անցման դիմաց, մինչև 5 մետր կայանման համար՝ 0.25։ Անցումից հետո կայանման արգելքը լրիվ հանվել ա, դե որովհետև «քաղաքում կայանման խնդիր կա» 😀
Էդ տուգանային միավորները պակասեցնելու համար էլի կան դասընթացներ, այս դեպքում դրանց թույլ ա տրվում տարի 2 անգամ մասնակցել, ու ամեն անգամ միավորները կպակասեն 6ով։
Իսկ ավտոմատ կերպով միավորները ջրվում են դրանց դուրս գրման օրվանից մեկ տարի անց։ Այսինքն չի լինում նենց, որ օրինախախտ վարորդին պետությունն ասի, այ տարվա էսինչ օրը քո մեղքերի թողության օրն ա։ Լրիվ զրոյանում ա։

Մնացած երկրներին չեմ ուզում հատ հատ անդրադառնամ, բայց կարևոր ա մի սկզբունք։
Թվարկված երկրներում չկա տենց բան, որ բոլոր խախտումները զրոյացվեն օրացույցի օրը փոխվելով։ Դեռ չեմ ասում, որ մեր երկրում բալերը պրծնելուց հետո վարորդը ոչ թե զրկվում ա ՎԻ-ից, այլ ՎԻ-ն կասեցվում ա կես տարով, ու էդ ժամկետից հետո ինքը համարվում ա նորմալ վարորդ, ու էլի 9 բալով դուրս ա գալիս փողոց։
Մի հատ էլ սա ձեր ուղեղում կրկնեք, երբ արդեն կարդացել եք Գերմանիայի ու Լեհաստանի օրինակները։ Մարդը էնքան խախտում ա արել, որ մի տարում բոլոր բալերը վերջացրել ա, ու դրանից կես տարի հետո, հելնում, սկսում ա վարել։ Պետք չի ոչ մի քննություն, կամ գոնե հարցազրույց, որ համոզվեն, որ էս մարդը հասկացել ա իրա սխալները։
Հիմա անցնենք նախագծի երկրորդ, կեղծ բաղադրիչին։
Խստացումները
Նախագծի հեղինակները կեղծ թեզ են առաջ բերել, իբր բալերի ավելացմանը զուգահեռ նաև որոշակի խստացումներ կան։ Մասնավորապես իրանց կարծիքով առավել վտանգավոր խախտումների համար հանվող բալերն ավելացնել են։
Ես հիմա հատ հատ տամ էդ «խստացումների» ցանկը, հետո մի քանի պրիմիտիվ հաշվարկ անենք։
- Ապակիների թաղանթապատման համար 2-րդ անգամ տուգանքը – 2 միավորից դառնում ա 3 միավոր – 5 անգամ տուգանվելու դեպքում բալերը պրծնում են (ինչպես հիմա, այնպես էլ փոփոխությունից հետո)
- Չամրակապված վարելը – 1 միավորից դառնում ա 1.5 միավոր։ 9 անգամ տուգանվելու դեպքում բալերը պրծնում են (ինչպես հիմա, այնպես էլ փոփոխությունից հետո)
- Վարելիս հեռախոսակապից օգտվելը – 1 միավորից դառնում ա 1.5 միավոր։ 9 անգամ տուգանվելու դեպքում բալերը պրծնում են (ինչպես հիմա, այնպես էլ փոփոխությունից հետո)
- Բաժանարար գոտին հատելը (արգելված տեղից ձախ շրջադարձ կամ հետադարձ) – 2 միավորից դառնում ա 3 միավոր – 5 անգամ տուգանվելու դեպքում բալերը պրծնում են (ինչպես հիմա, այնպես էլ փոփոխությունից հետո)
- Հանդիպակաց դուրս գալը (էս մասով շատ վարորդներ ընդհանրապես առաջարկում են միանգամից զրկել ՎԻ-ից) – 3 միավորից դառնում ա 4 միավոր։ Եթե էս պահին 3 խախտումից հետո վարորդի ՎԻ-ն կկասեցվեն, նոր փոփոխությամբ նա կշարունակի երթևեկել։ Սա շատ վատ խախտում ա, որի պատիժ փաստացի մեղմացվում ա։
- Խմած վարելը (0.2-0.5 պրոմիլե) – 4 միավորից դառնում ա 5 միավոր։ Տարվա մեջ 2-րդ անգամ կրկվելու դեպքում ՎԻ-ից զրկվում ա։
Վերջ, այլ «խստացում» չկա։ Մնացած բոլոր խախտումների համար հանվող բալերը մնացել են նույնը։ Հիշեցնեմ, որ անցած տարի ապրիլին կանգառի խախտման բալերը 0.5-ից դարձրեցին 0.25, էլի ընդառաջ գնալով վատ վարորդներին։
Հիմա մի հասարակ օրինակ բերեմ, որ պատկերացնեք, թե ինչ սխալ որոշում էր սա։
Պատկերացրեք մի խիստ ալարկոտ վարորդ Սարյանի դպրոցում ուսուցիչ ա աշխատում, ու չի ուզում հեռու կայանի։ Մեքենան թողնում ա հենց դպրոցի դիմաց, երկրորդ շարքում։ Ամբողջ օրը։ Էն հատվածներում, որտեղ կա ՃՈ տեսախցիկ, պարեկները ոչինչ չեն անում, կրկնակի տուգանքից խուսափելու համար։ Տեսախցիկը նման խախտումները նկարում ա 1 րոպե, ու խախտումն արձանագրվում ոչ թե որպես «կայանում» (ինչը ենթադրում ա 5 րոպե և ավելի կանգնած վիճակ), այլ որպես «կանգառ»։ Ու դրա համար, ինչպես արդեն գրեցի, նախատեսված ա տուգանք 5000 դրամ և 0.25 միավոր։
Եթե էս պահին մարդը տարին 35 անգամ կարող ա էդ խախտումն անի, ու ՎԻ-ն չկասեցվի (35*0.25=8.75), ապա նոր նախագծով արդեն 51 անգամ կարող ա նույն անի։ Իսկ թե ինչ օրն ա ընկնում տենց կայանած մի մեքենայի պատճառով էդ փողոցը, հուսով եմ բացատրելու կարիք չկա։
Եզրափակելով ասեմ, որ հուսով եմ էս տեքստս որևէ կերպ կհասնի ԱԺ պատգամավորներին, ու նրանք նախագծին էս բովանդակությամբ հավանություն չեն տա, ու կուղարկեմ լրամշակման, իսկական խստացումներով։
Երևանում ամբողջ օրը նորմալ քշող վարորդները նշում են, որ նույնիսկ հաշվի առնելով անուշադրությամբ, վատ գծանշումներով ու փողոցի վատ վիճակով պայմանավորված խախտումները, տարին նույնիսկ 5 միավորը առավել քան հերիք ա։ Իսկ դրանից ավել խախտում անողներին օր առաջ պետք ա զրկել (ոչ թե կասեցնել) ՎԻ-ից, ուղարկել նորմալ վարել սովորելու, ու իրանց քննություններն էլ պտի լինեն ավելի խիստ, քան նոր ՎԻ ստացողներինը։
Թեմայի մեջ էս ռեպորտաժն էլ դնեմ։
Facebook Comments