3 օր առաջ, մայիսի 21-ին որդուս հետ մասնակցեցինք նկարում պատկերացված գրքի շնորհանդեսին։
Շնորհանդեսը կազմակերպել էր Էդիթ Պրինտ հրատարակչությունը, բայց քանի որ գիրքը ԱՅԹԻ ուղղվածություն ուներ, որոշել էին շնորհանդեսը կազմակերպել DataArt ընկերության գրասենյակում։
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ հեղինակին, և՛ հրատարակչությանը, և՛ DataArt-ին։
Սկսեմ գովելուց ու վերջից գամ։
DataArt. Չէի էլ կասկածում, որ ընկերության գրասենյակը դուրըս գալու ա։ Բայց քանի որ առաջին անգամ էի լինում, ահագին տպավորված էի ներսի կահավորումով ու ընդհանուր մթնոլորտով։
Էդիթ Պրինտ հրատարակչություն. ես ինքս էլ միշտ ծրագրավորման ուղղությամբ գնացողներին ասում եմ, որ անպայման պետք ա անգլերեն սովորեն ու սա միշտ էլ ակտուալ ա լինելու, բայց մեկ ա, լավ ա, որ նման գրականությունը լինում ա նաև հայերենով։ Դա հնարավորություն ա տալիս համ ծրագրավորման ուսուցումը սկսել, ընթացքում ծանոթանալով մասնագիտական տերմիններին անգլերեն լեզվով, համ էլ կողքից կարելի ա անգլերեն պարապել։ Էս գիրքը շարքում առաջինն ա. Էդիթ Պրինտը պլանավորել ա բազմաթիվ մասնագիտական գրքեր հայերենով հրատարակի։ Նաև պարզեցի, որ իրենց կայքում վաճառքում ունեն թեև շատ փոքր թվով, բայց էլեկտրոնային գրքեր։ Ոչ մի հետաքրքիր բան չգա, որ փորձեի առնել, բայց կարևորը, որ մարդիկ գիտակցում են դրա կարևորությունն ու էդ ուղղությամբ քայլեր են անում։
Հեղինակ՝ Կարո Հակոբյան. բավականին ծավալուն գործ ա արած, էս գրքով 0-ից կարելի ա JAVA-ին ահագին լավ ծանոթանալ։ Գրքում համարյա բոլոր մասնագիտական տերմինների կողքը փակագծում նշված ա դրա անգլերեն տարբերակը, ու բացի բուն նյութից ահագին օրինակներ ու խնդիրներ կան, որ սովորածը լավ նստվածք թողնի։
Հիմա իմ սիրած մասը՝ թերությունները 🙂
Էլի նույն հերթականությամբ գանք։
DataArt. թեև գլխավոր մուտքի դիմաց դրված էր շնորհանդեսի ցուցականը, հենց ընկերության անունը ոչ մի տեղ չէր երևում, ու ահագին դժվարությամբ գտա։ Ներս մտանք, ու շվարած կանգնել, չենք հասկանում, թե ուր պտի գնանք, ու պտի մոտենանք։ Եթե մարդիկ իրանց մոտ են կազմակերպել էդ միջոցառումը, կարելի էր մի քանի ցուցանակ դնել, որ իմ պես մարդիկ կողմնորոշվեին։ Էն դուռը, որով մտել էինք, դուրս գալուց արդեն փակ էր, լավ էր, իրանց աշխատակիցներից մեկն ուղեկցեց, մեկ այլ դռնով դուրս եկանք։
Էդիթ Պրինտ հրատարակչություն. այ ստեղ պտի կետերով անցնեմ։
- Գրքի վատ խմբագրություն։ Մասնագիտական գիրքը խմբագրել է ոչ մասնագետ, ու արդյունքում էնքան սխալներ ու վրիպակներ կան, որ Կորյունին ասել եմ, highlighter ա առել, որ կարդալու ընթացքում դրանք նշի, ուղարկենք հեղինակին, դրանք ուղղի։ Տեքստի վրա հելած սխեմաներ, անգլերեն տեքստի վրիպակներ, կողքից կտրված նկարներ, անորակ սքրինշոթեր …
- Վատ կազմակերպված միջոցառում։ Ես մի 5-10 րոպե շուտ եմ հասել, իսկ միջոցառումը սկսվել ա 25 րոպե ուշացումով։ Էն տեղը դժվար գտնելու հարցում իրենք ևս ունեն իրենց մեղքի բաժինը։
- Անհասկանալի ելույթներ։ Ելույթ են ունենում մարդիկ, որոնք մոռանում են ներկայանալ, խոսում են թեմաներից, որոնք ոչ մի կապ չունեն կոնկրետ գրքի հետ (օրինակ՝ թե ինչ արժանիքներ ունի հեղինակը, ու ինչքան բան է արել սփյուռքի հայության համար)
Կարո Հակոբյան. Հեղինակը փորձում էր ներկայացնել իր գիրքը, ու չգիտես ինչու սկսեց հերթով անցնել գրքի բոլոր գլուխների ու թեմաների վրայով, համառոտ ներկայացնելով դրա բովանդակությունը։ Արդյունքում ստացվեց շատ կցկտուր խոսք, որը ոչ մասնագետների համար պարզապես անհասկանալի էր, իսկ մասնագետների համար՝ ձանձրալի։ Հետագայի համար երևի արժի, որ հրատարակչությունը նախօրոք զրուցի հեղինակի հետ, ավելի մշակված ելույթ պատրաստեն։
Եզրակացություն
Հուսով եմ այնպիսի տպավորություն չստեղծվեց, թե փոշմանել եմ մասնակցությանս համար։ Նման միջոցառումները միշտ էլ օգտակար են. համ հին ընկերներին կարելի է հանդիպել, համ նոր, հաճելի, կիրթ մարդկանց հետ էս ծանոթանում, համ էլ հնարավորություն ես ստանում քեզ հետաքրքիր գիրքը զեղչով առնել ։)
Միանշանակ պատրաստվում եմ շարքի մնացած գրքերի շնորհանդեսներին ևս ներկա լինեն, ընթերցողներիս էլ խորհուրդ կտամ նույնն անել ։)