Active Citizen – քաղաքապետարանի թոզփչոցին

Active Citizen website

Էսօր ֆեյսբուքյան ընկերս, Նաիրի Սարգսյանը պատմում էր, թե ոնց ա քաղաքապատարանի մշակած «Ակտիվ Քաղաքացի» կամ նույն ինքը «Active Citizen» հավելվածի շնորհիվ հասել քաղաքում նկատված խնդրի օպերատիվ լուծմանը։

Ես էլ խոստացա սեփական փորձից պատմել, ու ցույց տալ, որ էդ ծրագիրը միայն թղթի վրայա ստեղված խնդիրներ լուծելու համար, իսկ փաստացի դա պետական փողերի հերթական մսխման օրինակ ա։

Դեպք առաջին. օֆիսի դիմացի հետիոտնային անցում։

Ինչպես նկարից երևում ա, ուղարկել եմ 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։ Դրանից առաջ էս նույն խնդրով գրություններ էլ էի ուղարկել, ու «էշ, մի սատկի …» ոճի պատասխաններ էի ստացել։ Փորձեցի ծրագրով այլ արդյունք ստանալ։

Դե հիմա նայեք, թե երբ են որոշել անդրադառնան ուղարկածս խնդրին, ու ինչ պատասխան եմ ստացել։

Համարյա կես տարի հետո։ Ու էլի «Էշ, մի սատկի …», էն «Ասենք, կանենք»-ը էլ ակտուալ չի։

Մեր շենքի դիմացի ապօրինի շինարարության մասին էլ բազմիցս գրել եմ. էդ մարդիկ խասյաթ են սարքել աշխատել թույլատրելի 18։00-ից շատ ավելի երկար։

Ես էլ ասում եմ, էդ ա, քանի որ էդ ժամին քաղաքապատերանի թեժ գիժը չկա, ոստիկանությունն էլ սրա հետ կապ չունի, էս ծրագրով նկարեմ, վիդեոն կանեմ, դիրքը, ժամը արձանագրվում ա, թող գան, տուգանեն։

Պատասխանը զարմանալիորեն արագ եկավ, բայց սպասելիորեն՝ հնարավորինս տխմար տեքստով։

Ասում ա զգուշացրել ենք, որ տենց չանի։ Էն դեպքում, որ մի քանի անգամ էս թեմայով դիմել եմ համ իրանց, համ ոստիկանություն։ Այսինքն շատ լավ գիտեն, որ սա առաջին դեպքը չի։ Նկար էլ կցել են, որ ցույց տան, որ իսկականից եկել են, ոչ թե իրանց սենյակում նստած պատասխանել։

Նույնը օրը նկարում եմ ավելի լկտի խախտում։ Այսինքն խախտումը նույնն ա, բայց արդեն ոչ թե 10 րոպե են ավել աշխատում, այլ 4 ժամ։ Ցավոք ծրագրում ուղարկելուս ժամը չի գրվում, բայց նկարում երևում ա, որ գիշեր ա։

Հենց հաջորդ օրը ստանում եմ «պատասխանը», բայց սա էն աստիճանի տխմար պատասխան ա, որ նույնիսկ ես, որ արդեն սովորել եմ իրանց հետ շփվելում, խույվորում եմ։

Քիչ ա մնում իմ վրա մունաթ գան, թե «մարդը պարտավորվել ա, հերիք չի՞ քեզ»։

Մի քանի օր անց նույն դիրքից նկարում եմ նույն խախտումն ու ….

Ոնց որ մարդուն բռնացնեմ մյուսին սպանելուց, նկարեմ, ուղարկեմ ոստիկանություն, ասեն դեմքը լավ չի երևում, խնդրում ենք ավելի մոտիկից նկարեք, նոր ուղարկեք։

Էդ պահին եմ էդ անտերին բռնացրել, հասցեն նույնն ա ինչ ամեն անգամ, իսկ տեղորոշումն էլ ձեր ծրագիրն ա անում, ես չեմ կարա դրա վրա որևէ կերպ ազդեմ։

Ի՞նչ էր ակնկալում սենց պատասխան ուղարկողը բացի քֆուրներից։

Հ.Գ.

Գրառումս հիմնականում հավելվածի ու իրանց վերաբերմունքի մասին էր, բայց մի երկու խոսք էլ ասեմ իրանց հարթակի մասին։

Հարթակը ստեղծվել էր քաղաքացիների ու քաղաքապետարանի միջև կապ ստեղծելու, քաղաքացիներից հետաքրքիր առաջարկներ ստանալու, ու դրանք իրագործելու համար։

Հայկոյի ժամանակ մարդիկ ներկայացնում էին իրանց առաջարկները, մյուս գրանցված քաղաքացիները քվեարկում էին, ակնկալելով, որ քաղաքապետարանն էլ դա կյանքի կկոչի։ Ես էլ էդ հույսով գրառում էի արել, խնդրելով, որ քաղաքի բարձրադիր մասեր գնացող տրանսպորտը հարմարեցնեն հեծանիվներին։ Առաջարկս քիչ թվով ձայներ էր հավաքել, անցավ, գնաց։

Ավինյանը քաղաքապետ դառնալուց հետո հարթակը վերագործարկվեց, լրիվ նոր ինտերֆեյսով, ես էլ ասեցի էլի փորձեմ էն առաջարկս առաջ տանել։

Էլի տեքստը լրացրեցի, նկարներ, վիդեո օրինակներ ու սպասում եմ, որ կայքում պտի հայտնվի, մարդիկ էլ մտնեն, կարծիք գրեն։ Մի քանի օր սպասելուց հետո մտնում եմ անձնական գրասենյակ, տեսնեմ մարդիկ առաջարկ մերժել են, «հիմնավորելով», որ ավտոբուս ու տրոլեյբուս արտադրող ընկերությունները նման բան թույլ չեն տա։

«ՀԻմնավորումը» չակերտներում եմ գրել, որտև տենց պնդում անելու համար պետք ա լիներ էդ արտադրողների պաշտոնական պատասխանը, բայց տենց բան իհարկե չկար։

Ես իրանց տվել եմ ռեալ օրինակները վիդեոներով, ու իրանք օդի մեջ պնդում են, որ արտադրողը չի թողնի։ Սա նշանակում ա, որ չեն էլ փորձել։ Պետք էր մերժել, մի բան մոգոնել, մերժել են։

Դրա համար եմ պնդում, որ էս հարթակը ստեղված ա ոչ թե խնդիր լուծելու, այլ դրա իմիտացիա անելու համար։ Էսքան ժամանակ ուղարկածս ոչ մի խնդրին ու առաջարկին չի տրվել ԱԴԵԿՎԱՏ լուծում կամ գոնե պատասխան։

0 Shares:
Թողնել պատասխան
You May Also Like